Գուրգեն Մելիքյանը պատմում է Մոնթեի մասին. մի նկարի պատմություն

Ռազմինֆոն սկսում է հեղինակային նոր շարք։ Հին լուսանկարների մասին իրենց հիշողությունները, պատմությունները տարիներ անց պատմում են նկարի հերոսները։
Մեր առաջին լուսանկարում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ու ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն են։

Մոնթե Մելքոնյանը Գուրգեն Մելիքյանի հետ 1992 թվական, Գանձասար Նկարը՝ ankakhutyun.am-ից

Մոնթե Մելքոնյանը Գուրգեն Մելիքյանի հետ
1992 թվական, Գանձասար
Նկարը՝ ankakhutyun.am-ից

«Մենք Գանձասարում ենք, 1992 թվականն է, օգնություն էինք տարել։ Երբ Մոնթեն իմացավ, որ մենք այնտեղ ենք, եկավ։ Լուսանկարչին չեմ հիշում։ Սկզբում այս նկարը չունեի, ինձ հետո տվեցին։ Այդ օրն անգլիացի մի թղթակցի հետ զրույցում Մոնթեն ասաց. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Չեմ կարծում, որ որևէ մեկն այդպիսի կարգախոս ունենար։

Երբ Մոնթեն մեզ հրաժեշտ տվեց (մահացավ-հեղ), իմ ամերիկացի ընկերոջ հետ Բերձորում մի հուշաքար դրեցինք։ Ես մեր պաշտպանութան նախարարությունից գտա Մոնթեի ստորագրությունն ու այդ տողերի տակ դրեցինք: Առաջարկությունն իմն էր, իսկ նյութական օժանդակությունն ԱՄՆ-ից Վահե Կազանչյանինը։

Մոնթեն տեսակ էր։ Զինվորագրվելն ուսադիրների հետ կապ չունի։ Մոնթեն ինձ համար զինվոր էր, հրաշալի հրամանատար, մաքրամաքուր ընկեր։ Երբ նյութական օժանդակություն էինք տանում, անմիջապես կանչում էր ֆիդայական ջոկատներին ու ասում, որ Մելիքյանն այսքան գումար ու օգնություն է բերել։

Քանի Մոնթեի տեսակը կա, մենք կհարատևենք»,- պատմում է Գուրգեն Մելիքյանը:

Ռազմինֆո-ի խնդրանքով Գուրգեն Մելիքյանը իր հուշերից պատմեց Մոնթեի մասին։

«Գնացել էի Մաճկալաշեն, այնտեղի ջոկատի տղաներին օգնելու։ Իմացա, որ տղաներից Կոմիտասը զոհվել է, բարձրացա գերեզմանոց, որը թուրքերի անմիջական նշանառության տակ էր։ Իմ ուսանող Արշակի հետ էինք։ Մոնթեն գալս իմացել էր ու եկել տեսնելու։ Ասել էին, որ գերեզմանոց ենք բարձրացել, շատ էր զայրացել։ Եկավ, գոռաց, ասում էր. «Մեռնիլ կուզի՞ս, կուզի՞ս հերոսանալ, մեզ մեռելներ պետք չեն, մեզ կենդանիներ են պետք, ողջ են պետք»:

«Մի օր էլ դիրքերում էինք: Կրակոցի ժամանակ ուզես-չուզես կուչ ես գալիս։ Ականանետերով կրակում էին, ասաց. «Որտեղ որ ընկնում է, դրանից առաջ չի գալիս, մի վախեցիր»։ (Ժպտում է)

«Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Ա’յ, այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր»,- եզրափակում է Մելիքյանը:

One response to “Գուրգեն Մելիքյանը պատմում է Մոնթեի մասին. մի նկարի պատմություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *