Մոնթեն ինձ հետ մի շաբաթ չխոսեց. Աշոտ Ղարիբյան

Հունիսի 12-ին Ռազմինֆոն Եռաբլուրում հանդիպեց նաև Աշոտ Ղարիբյանին՝ Մոնթեի մարտական ընկերոջը։

— Ես Մարտունու ջոկատի Երկրապահի հրամանատարն էի։ Առանց իր [Մոնթեի] իմացության մասնակցեցի Շուշիի ազատագրմանը։ Դա իմ փափագն էր։ Մարդ, որ լսել է Շուշիի մասին երկար տարիներ, հիմա հնարավորություն ունի մտնելու այդ տարածք ու չմտնի՞։ Ես առանց տեղյակ պահելու գնացի, Մոնթեն չխոսեց ինձ հետ մեկ շաբաթ։ Բայց դե իմ արածն արեցի։ Հետո բացատրեցի, ինքն էլ ասաց, որ կուզենար մասնակցել, բայց այդ դեպքում՝ բա՞ Մարտունին։

Վովա Վարդանով (ձախից), Աշոտ Ղարիբյան (աջից) Եռաբլուրում Մոնթեի շիրիմի մոտ

Վովա Վարդանով (ձախից), Աշոտ Ղարիբյան (աջից) Եռաբլուրում Մոնթեի շիրիմի մոտ

— Ինքը շատ լավ մարդ էր, այնքան լավը, որ մի օր դաշտում ծաղիկներ քաղեցի, կինը՝ Սեդան, եկել էր, տվեցի Մոնթեին ասաց՝ «Ասիգա ի՞նչ էնեմ», ասի Սեդային նվիրե «Ամո՛թ է, այսպիսի բան պատերազմի դաշտ է»։ Ասացի՝ Մոնթե ջան, ոչինչ չի ավարտվում։ Սեդան Երևանից եկել հասել է Մարտունի քաղաք։ Շատ գեղեցիկ կլինի, որ դու իրեն ծաղիկներով դիմավորես։ Ինքը ներքաշվել էր պատերազմի մեջ, իրեն ավելի հետաքրքիր էր ամեն մի մարտիկ, քան թե իր կնոջ հետ կապը։

1991թ. Վազգեն Սարգսյանը բերեց ներկայացրեց, պետք է սատարեինք իրեն։ Մի դեպք եղավ նաև, որ ժողովուրդը հավաքվել էր ու պիտի որոշեր, թե արդյոք Մոնթեն պիտի մնար, թե ոչ։ Իմ ջոկատը սատար է կանգնել։ Նման խոսակցություն միշտ էլ եղել է։ Ես կցանկանայի, որ նրան ինչպես հիմա են մեծարում, այն ժամանակ էլ մեծարեին։

Մոնթե Մելքոնյանի հետ կապված Աշոտ Ղարիբյանը մի քանի պատմություն հիշեց։

Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։ Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն » էր։

— Դու ո՞վ ես։
— Ես հրամանատարն եմ։
— Դուն էշ ես։
— Դու ո՞վ ես։
— Ես հրաձիգն եմ։
— Դուն էլ ես Էշ։
— Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

***

Մեր տղաներից մեկը սպիտակ ձիուն նստած կարաբինը ուսին գալիս էր, մեկ էլ Մոնթեն գոռաց՝
— Վա՛ր իջիր ձիուց, Նորիկ։
— Ինչո՞ւ, ինչ եմ արել Ավո ջան։
— Վար իջիր ձիուց, սպիտակ ձին հեծած ես, քեզ Անդրանիկ կկարծե՞ս։

Ասում էր՝ սպանեք թուրք զինվորին, բայց թուրքերի նման քիթ, ականջ կտրելուն դեմ էր։ Մի խոսքով հոգեհարազատ մարդ կորցրինք։ Իհարկե, կորցնելը հարաբերական է, ուղղակի ֆիզիկապես չունենք, հոգեպես բոլորիս մեջ պահպանվում է։

Ազատամարտիկներ (ձախից աջ). Վովա Վարդանով, Աշոտ Ղարիբյան, Տիգրան Խանումյան, Արկադի Սարգսյան

Ազատամարտիկներ (ձախից աջ). Վովա Վարդանով, Աշոտ Ղարիբյան, Տիգրան Խանումյան, Արկադի Սարգսյան

Ռազմինֆոյի հետ զրույցում Աշոտ Ղարիբյանը հարցրեց. «Իսկ գիտե՞ք ոնց ենք հաղթել պատերազմը», պատասխանեցի՝ ձեր շնորհիվ։
Ասաց ՝ոչ։ «Մեր թիկունքում գտնվում էին կանայք ու երեխաները։ Եթե դա էլ կորցնում էինք, կորցնում էինք հայկական պատմությունը։ Վստահ եղեք»։

— Այսինքն մեզ այնպիսի անկյուն էին մտցրել, որ դրանից հետո գերեզմանն էր, — հավելեց Վովա Վարդանովը։ «Շատ քիչ գյուղ է եղել, որ բնակչությունը ներսում զինվորը փախչի»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *